[ՑԱՆԿ] [ՏՊԵԼ] Ընտրություննե՜ր, ընտրություննե՜ր ԼԵՌ ԿԱՄՍԱՐ Այսօրվնե կսկսեի ընտրության կատակերգությունը: Նախնի բռնավորներուն եւ միապետներուն Աստվածը վերեն կկախեր մեր գլխուն, որ կառավարեին: Ան ատենները այդ երեւույթը կորակեինք իբրեւ անլուր բռնություն հանդեպ մարդկային սրբազան իրավունքի: Սակայն, ո՜վ կերեւակայեր, որ պիտի գա ժամանակ մը , երբ մարդիկ իրենք պիտի «ընտրեին» իրենց բռնավորները: Ցարը մեզի կապտակեր իր ձեռքներովը ու մենք կբողոքեինք: Ի՞նչ պիտի ընենք հիմա, երբ մեզի կստիպեն ապտակել մեզի մեր իսկ ձեռքներով... Ուրիշ կերպ անկարող եմ որակել «ընտրություն» մը, որ կառավարությունը կընտրե ու ժողովրդյան բռնի կքաշե մատ բարձրացնելու: ... Երանի՜ անոր այս երկրին մեջ, որուն մատը կտրված է կամ բազուկը գոսացած: Արդյոք մարդու էության մեջ կա՞ ազատության տենչ: Ո՛չ: Կա ստրկության տենչ: Ապացույցն այն, որ ազգերը, ազատվելով միապետական բռնակալ լծից, դառնում են հանրապետական, ու իրենք կամովին իրենց գլխին մի բռնակալ են դնում՝ այն անվանելով «նախագահ»: Ուրեմն, ավելի վատ: Միապետության ժամանակ ազգը կարող էր արդարանալ, թե բռնապետը նստել է իր կամքին հակառակ. հիմա՞ ինչով պիտի արդարանա: Երբ հյուր ես գնում բարեկամիդ տուն, երբեք չես ասի՝ ինձ այս տվեք, ինձ այն տվեք ուտելու: Սուս ու փուս կնստիս ճաշի, սեղանին ինչ հրամցնեն՝ այն կուտես: Այսպես է քաղաքավարության օրենքը: Երբ փողոցում տեսնես մի գեղեցիկ կին, երբեք նրան չես ասի՝ «ինձ սիրիր», այլ ընդհակառակը, կասես՝ «ես քեզ սիրում եմ»: Այդ էլ է պահանջում քաղաքավարությունը: Եթե սովետական գրող չես, այլ սովորական, մարդավարի գրող, երբեք չես բռնի քննադատի կոկորդից, թե ինձ շեփորիր ու ներբողներ հյուսիր իմ գրքի մասին, այլ սուս ու փուս գրվածքը կդնես իր առջեւ, կասես. - Դու ու քո խիղճը, ինչ գնահատական ուզում ես տուր: Այս բոլորը պահանջում է քաղաքավարությունը մեր առօրյա կենցաղում: Իսկ երբ մտնում ենք քաղաքական կյանքը, այնտեղ արդեն պատկերը փոխվում է: Սոցիալիստական աշխարհում ընտրությունների ժամանակ թեկնածուն ատրճանակը ընտրողի կրծքին ուղղած ասում է. «ինձ ընտրիր, թե չէ կրակեցի»: Կապիտալիստական երկրում ընտրելիները ժողովրդին սուտ ու փուտ խոստումներ են տալիս, բարեկամաբար նրա ձեռքն են սեղմում, տրամվայի մեջ վեր են կենում, իրենց տեղը ժողովրդին են տալիս, խոլվաթ տեղ մի բաժակ օղի են առաջարկում, վերցնում ընտրողի երեխային գիրկն ու համբուրում, թշին զարնում ու «ջանիկ» ասում, վերջապես ոտքն են ընկնում, աղաչում, պաղատում, որ քվեն իրենց տան: - Ինչու՞ այսպիսի դժվարություններով ընտրվել են ուզում թեկնածուները. ընտրվում են ժողովրդի՞ն օգուտ տալու համար, թե՞ իրենց: Ես կարծում եմ՝ իրենց: Որովհետեւ տեսնված չէ, որ անցորդը փողոցում նստած մուրացիկին խնդրի, աղաչի, որ իրենից մի ողորմություն ընդունի, ընդհակառակն, ինքն է պաղատում եւ ընդունելիս էլ անվերջանալի օրհնություններ է թափում անցորդի գլխին: Եթե թեկնածուները ժողովրդի բարիքի համար են կամենում ընտրվել, ինչո՞ւ ուրեմն չեն սպասում, որ ընտրողները գան իրենց աղաչեն-պաղատեն: Պարզ է, չէ՞: Նշանակում է թեկնածուները պարզապես ասում են ընտրողներին.- մի փոքր ծովեք, նստեմ ձեր կռնակին, ուտեմ-խմեմ, ման գամ աշխարհում: Ի՞նչ եմ ուզում սրանով ասել: Սրանով ուզում եմ ասել, որ աշխարհում որեւէ տերեւ, որ շարժվում է, այդ անձնական շահի համար է լինում, չլիներ անձնական շահ՝ տերեւն հավետ անշարժացած կկախվեր ծառից, ինչպես Մարքսի դոգմաներն են կախված Լենինի շուրթերից: *** Լսել էինք, որ կաթը առանց մերանի հաճախ ինքնիրեն կկտրվի մածուն կդառնա, բայց չէինք լսել, որ կառավարությունն էլ առանց ժողովրդի «ընտրած» պատգամավորների ինքնիրեն կարող է ... կազմվել: *** Իսկական սերը երեւան է գալիս ամուսնության մեջ՝ վերմակի տակ, իսկ քաղաքական կյանքում գաղտնի քվեարկության ժամանակ: Մեր պետական քվեարկությունը թեեւ «գաղտնի» է կոչվում, բայց քաղաքացին ու պետությունը «պառկում» են ապակյա վերմակի տակ... Այդ պատճառով էլ «կանգնում» տեղի չի ունենում, եւ մերձեցումը դառնում է անպտուղ: *** Հանրապետական երկրներում էն որ նախագահի թեկնածուն ընկնում է ընտրողի ետեւից աղաչանք-պաղատանք է անում, սուտումուտ խոստումներ է տալիս ժողովրդի ոտքն է համբուրում, որ ընտրվի. էդ հո նրա համար չի, որ ուզում է ժողովրդի հոգսը իր շալակը վերցնել: Էդ նրա համար է, որ ինքն է ուզում ելնել ժողովրդի շալակը՝ իշխանություն ձեռք բերել, ուտել, խմել, արտասահմանում պտույտ գալ: *** Մեզ մոտ կառավարությունը պետք է ընտրվի ժողովրդի քվեով: Եվ երբ վերջինս տեսնի իր խփած մեխը ծուռ գնաց, անմիջապես ձեռքի աքցանով քաշի հանի եւ նոր մեխ խփի: Սակայն մեզ մոտ կառավարությունը ինքն իր ձեռքով «մեխն» խփում է ժողովրդի գլխին ու ոչ մի աքցան չի տալիս նրա ձեռքը երբեւիցե այդ իսկապես ծռված «մեխը» հանելու համար: *** Գաղափարը պիտի դավանեն միայն Հովբ Երանելիները: Գաղափարը զոհ է պահանջում, նա բարիքների ամբար չունի իր դավանողի առջեւ բաց անելու համար: Այն դավանանքն է սուրբ, որի համար մեռնում են... *** Լինի հանրապետություն, լինի միապետություն, երբ յուրաքանչյուր ոք իրավունք չունի իր բախտը տնօրինել իր ուզածին պես՝ դա բռնապետություն է: *** Չորսը տարին լրացավ, ու այսօր դարձյալ պետական ընտրություններ են մեզ մոտ: Մի ընտրություն, երբ ոչ մի իշխանավոր իր տեղից չի շարժվում: Աթոռից մի վայրկյանով բարձրանում ու էլի նույն աթոռին նստում: |