
|
| [ՑԱՆԿ] [ՏՊԵԼ] Հինգ տարով ուշացած գրախոսություն ՆՈՐԱՅՐ ԱԴԱԼՅԱՆ Գրախոսությունը երբեք ուշացած չի լինում, եթե վերաբերում է հետաքրքիր ու արժեքավոր գրքի, ինչպիսին, օրինակ, Հայաստան-Սփյուռք գրականության հիանալի իմացության հենքով ստեղծված Արծրուն Ավագյանի «Պատկերազարդ պատմություն Շահան Շահնուրի» մենագրությունն է: Այստեղ նշանավոր գրողի կյանքն ու գործը հատվածներով բաժանված չեն, այլ՝ միմյանց մեջ, որով ձեւավորվում է դրամատիկ հանգույցներով հարուստ նրա ինքնատիպ երեւույթի դիմապատկերը: Կյանքը՝ ստեղծագործություններում: Ստեղծագործությունը՝ վեպեր, պատմվածքներ, հրապարակախոսություն, նամականի՝ իբրեւ կյանքի արտացոլանք: Հենց սկզբում ասեմ, Ա. Ավագյանի աշխատությունը լինելով գիտական, ճշմարիտ ու փաստարկված, ընթերցվում է վեպի պես. Շահնուրն ինքն էլ վեպ եղավ 20-րդ դարի հայոց գրականության անդաստանում՝ իր մարդկային ու ստեղծագործական ճակատագրի ալեկոծումներով: Վեպ էր նաեւ հետեղեռնյան նրա ժամանակն աշխարհասփյուռ հայության համար: Քիչ է պատահում, որ գրողն ատամներով բռնի իր ժամանակի էական նշաններն ու շարժումները, դարի շնչառությունը դառնա, այդ շատ քչերից մեկը Շահան Շահնուրն էր: «Կարոտի գրականությունը», որ տարբեր հնչողությամբ շարունակվում է առ այսօր, արժանի է խոր հարգանքի՝ որպես պատմություն, սակայն դրան հաջորդած ազգային «նահանջը», մանավանդ «առանց երգի», գրական նոր երեւույթ էր, կարեւոր առաջադեմ քայլ դեպի ներկան եւ մեր գալիք օրերը, չեմ երկնչում ասել՝ գաղափարարա-գեղագիտական զգալի նորարարություն: Գրականագետը ցույց է տալիս, որ իր հեղինակը «ցնցվելու» եւ «ցնցելու» ճանապարհով ստեղծում է «ժողովրդին սթափեցնող» գրականություն: Գիտակցաբար հեռանալով 20-30-ական թվականներին մեծ տարածում ունեցող «անհիմն ռոմանտիզմի» եւ «ջարդապատումի» գրականությունից՝ Շահնուրը մոտենում է առաջին աշխարհամարտի հետեւանքով համաշխարհային գրականություն մուտք գործած սոցիալական, ազգային, բարոյա-հոգեբանական դրամատիկ երեւույթներին, գրիչը դնում կյանքի զարկերակի վրա եւ ստեղծում տարբեր ժանրի արդիական երկեր: Այս առումով սփյուռքյան գրողներից թերեւս ոչ ոք այնքան արդիական չէր, սերտաճած համաշխարհային գրականության նորօրյա զարգացումներին, որքան Շահան Շահնուրը: Գրականագետն իմաստավորում է նաեւ գրողի շեղումն արեւմտահայ ավանդույթներից, մասնավորաբար՝ «իդեալ հերոս, ազգին նվիրյալ ու զոհ» գաղափարներից, որոնք գեղեցիկ, ռոմանտիկական պատրանքայնություն են ձեւավորում, փոխարենը՝ նա գնում է դեպի իրական կյանք, մարդու դրաման, «ելքի դռներ փնտրող իրատես հայի նոր տեսակը», որը ճանաչում է ազգային «սխալների ու վրիպումների» մեխանիկան: Սրանք կարեւոր վերլուծական շեշտադրումներ են: Արծրուն Ավագյանը Շահնուրի գեղարվեստական աշխարհը պատկերում է այնպես, ինչպես կա՝ իր նման եւ ուրիշներից տարբեր, իբրեւ մեծ գրող: Եվ այստեղ գրական չափանիշի ու արժեքայնության խախտումներ չկան. Շահնուրը մեծ էր մեծերի մեջ եւ ոչ փոքրերի: Գրքի հեղինակը Շահնուրին տեսնում է եւ՛ հեռվից՝ ընդգրկելով երեւույթի ամբողջականությունը, եւ՛ մոտիկ ու շատ մերձ տարածությունից, ասես ներսում լինի, նկատելով առանձին բնորոշ «դետալներ», որոնցից մեկն էլ «սեփական ժողովրդի արատների ու թերությունների վերհանումն» է, «հայոց դարավոր վերքի» բացահայտումը: Սրանով, նշում է Ավագյանը, Շահնուրը շարունակում է Խորենացու, Աբովյանի, Պարոնյանի, Չարենցի (ավելացնեմ՝ Օտյանի), այս կտրվածքում արտահայտած մտայնություններն ու գաղափարները: Հակառակ որոշ գրականագետների, նա միագույն-միակողմանի գաղափարական վերլուծաբանություն չի անում՝ գաղափարի ետեւում տեսնելով գեղարվեստական պատկերի ներկայությունը, սրա ետեւում՝ գաղափարի արտահայտություններ: Շահնուրն իր ազգային ինքնաքննադատությամբ շատ հակառակորդներ վաստակեց թե՛ պարզ ընթերցող եւ թե՛ գրական շրջանակներում, որոնք կույր ու ծակ ազգայնասիրության դիրքերից քննադատում-մերժում էին նրա այս դիրքորոշումը, բայց նա էր իսկական ու նվիրյալ ազգասերը, որ ցանկանում էր հարազատ ժողովրդին տեսնել արատներից հնարավորինս մաքրված, առողջ եւ ուժեղ: «Պատկերազարդ պատմություն Շահան Շահնուրի» մենագրության մի ընդարձակ բաժին նվիրված է «Նահանջը առանց երգի» վեպի եւ նրա շուրջն առ այսօր շարունակվող բանավեճի բազմակողմ քննաբանությանը: Սա ուսումնասիրության գլխավոր հենասյունն է, ինչպես որ վեպն է հեղինակի գլուխգործոց երկասիրությունը: Խոսել «Նահանջի» մասին՝ նշանակում է Շահնուրին պատկերել գրեթե ամբողջապես, որովհետեւ այստեղ ներկա են նրա գեղագիտության, գրական ոճի ու ազգային գաղափարախոսության էական հատկանիշներ, Շահնուր գրողն ինչպես որ է: Արծրուն Ավագյանը վեպը վերլուծում է նրա «ազգասեր» քննադատներին ընդդիմանալով՝ հեղինակին դատապաշտպանություն անում, կանգնում նրա կողքին, կրակոցներն ընդունում իր վրա, չի երկնչում, որ կարող է սխալվել, հավատացած է իր արդարության մեջ, սա դատապաշտպանություն է նմանապես եւ ճշմարիտ գրականությանը՝ լինի Շահնուր թե տաղանդավոր ուրիշներ: Այստեղ նա եւ՛ գրաքննադատ է, եւ՛ գրականության պատմաբան: Իհարկե, «Նահանջը» Ավագյանից առաջ էլ է համախոհներ ունեցել՝ ի դեմս գեղարվեստական գրականությունը խորապես ընկալող քննադատների եւ գրողների: Ավագյանն ասես փակում է շահնուրյան դրամայի վարագույրը, բայց ով գիտե՝ մենք հայ ենք եւ մերն ուրիշ է, իսկապես՝ ուրիշ, քանզի նույն դրաման ավելի ողբերգորեն խաղարկվեց «Այրվող այգեստանների» եւ նրա հեղինակի դեպքում՝ զարզանդոտ նմանությամբ երկուսի համար. «ազգային նուիրականութիւնները կ՚անգոսնէ», «թուրք», «հոռետեսական ընդհանուր կոնցեպցիա», ազգային արժեքների «ուրացումներ» եւ այլն: Միշտ էլ զարմանալի ու տխուր է եղել մեր գրական կյանքը: Հենց որ հրապարակ է ելնում մի «Նահանջը առանց երգի», մի «Այրվող այգեստաններ», մի «Մարդը ափի մեջ», մի ակնառու գեղարվեստական արժեք, Թումանյան, Չարենց, Բակունց, Թոթովենց՝ գրական պատեհապաշտներն սկսում են արյան ծարավի մսագործի ոգեւորությամբ դանակ ու կացին սրել, եւ Թումանյանն ասում է, այնքան տեղին ու ճշմարիտ, որ մեծ ափսոսանքով եմ կրճատում. «Դուք մի որեւէ Ռ. Դրամբյան չեք: Դուք մինը չեք: Դուք շատ եք: Դուք տիպ եք: Դուք էն պստիկ, մաղձոտ ու մութ հոգին եք, էն հավիտենական անկոչ պրոկուրորը, որ ամեն տեղ, ուր կերեւա... դատում ու դատապարտում է ամեն գործ ու գործիչ, առանց ճանաչելու, առանց ամաչելու... տգետ ու թեթեւ սկսում է քննադատել ու «հարվածել»... շանտաժ, ժանտախտ, բանագող... թեկուզ եւ դեմը կանգնած լինի մի գրական մեծություն... Ո՜վ դուք մեռելների սիրահար ու կենդանիների թշնամի Դրամբյան, ո՜վ ամեն շնորհքի հավիտենական ոխերիմ Դրամբյան, ամեն բարի աշխատանք ուրացող, ամեն ազնիվ ու գեղեցիկ գործի չարախոս ու չարակամ Դրամբյան, եւ ավա՜ղ, անվերջ, անմահ Դրամբյան...»: Բայց՝ ամեն բան իր ճանապարհով, եւ հայ լուսավոր գրական ընթացքը զայրացել, սակայն չի վախեցել այս անմահ չարակամությունից՝ շարունակելով կատարել իր վսեմ ազգանվեր գործը: «Ամեն իսկական գրող ամեն բանից զատ նաեւ արվեստագետ է,- արդարացիորեն գրում է Արծրուն Ավագյանը: - Սա է, որ հաշվի չէին առնում Շահնուրին քննադատողները», թեեւ ես «նաեւ» չէի ասի: (Մահարու վեպը «քննադատվեց» արվեստագետի էությունն անտեսող նույն ու նման մոտեցմամբ): Գրականագետը նշելով Շահնուրի վեպի գեղարվեստական արժանիքները՝ «տիպական կերպարների ստեղծում, խոսքի պատկերավորություն, պատումի դրամատիկ ու հումորիստական երանգներ, բարդ հոգեվիճակների ու մարդկային խաթարված ճակատագրերի արտացոլումներ», այդուամենայնիվ, այստեղ նրբացուցիչ դեպք հանցանաց է գտնում, բարեբախտաբար չհամարելով հանցանք, այլ թերություն՝ «համատարած մերժումներ», «սուրբ հասկացությունների» սրբազերծում, «արդար թե անարդար կերպով հիշատակվող կոնկրետ մարդկանց ու խմբավորումների» քննադատություն... Համաշխարհային գրականության մեջ սա նորություն չէ, օրինակներ՝ ինչքան ուզեք, Չարենցի «Երկիր Նաիրին», որի շատ տեսարաններ եւ հերոսները թափանցիկ իրական պատմություն ու նախատիպեր ունեն: Կարելի է եթե ոչ ուղիղ, ապա փոքր-ինչ զիգզագ գիծ քաշել «Երկիր Նաիրիի», «Նահանջի» ու «Այրվող այգեստանների» միջեւ: Վերոհիշյալները ես թերություն էլ չէի համարի, այլ այս եւ ուրիշ երկերին բնորոշ տարերք՝ նման ոսկեավազ հանքի, որից մի օր ավազը մաքրվում-մոռացվում է՝ մնում է հավերժական ոսկին՝ ոսկեշող գրականությունը: «Նահանջը առանց երգի» վեպի քննությունն Արծրուն Ավագյանը կատարում է բազմաշերտ արծարծումներով՝ սփյուռք դարձած ժողովրդի ճակատագիրը, Սուրեն հերոսի դրաման՝ իր ներսում եւ իրենից դուրս, որ նաեւ գրողի դրաման է, մեծ աշխարհում «փոքր ածուի» դերակատարությունը, դուրյանական «Աստծո ծաղրն է աշխարհն ալ արդեն», շահնուրյան հոռետեսության արմատները, գրողի գաղափարագեղագիտական հայացքը հայ ժողովրդի անցյալ-ներկա պատմության վերաբերյալ, ցավի ճիչը, մարդկային, հասարակական ու ազգային արժեքներից առանց երգի նահանջը (ասել է՝ ու ողբերգություն քո մեջ), Շահնուրի վեպն ազգային ինքնաքննադատություն անող հայ գրական երկերի զուգահեռում՝ Խորենացու «Ողբից» սկսյալ, գեղարվեստական ոճի, լեզվի, պատկերի բնութագրումներ եւ գնահատականներ եւ այլն: Սա թեեւ առանձնակի վերլուծաբանություն է՝ Շահնուրն է եւ իր վեպը, սակայն միտված է նաեւ հայոց գրականությանն ընդհանրապես, որտեղ Շահնուրը երեւում է իբրեւ այս դաշտի մի կարեւոր ու ինքնատիպ գրական դեմք: Ժանրային տարատեսակներով հանդերձ Շահնուրի ստեղծագործությունը միասնական է իր «սրբազան դժգոհությամբ»: Ինչպես վեպում, այնպես էլ պատմվածքներում նա «պատումի փոխարեն բերում է մտածումի գրականություն, - գրում է Ավագյանը, - ստիպում ընթերցողին ոչ միայն ազգային ինքնասիրության վիրավորվածություն զգալ, այլեւ խորհել, մտատանջվել ու կասկածի ենթարկել սրբացված շատ արժեքներ»: Շարունակելով «աղ ցանել» սփյուռքահայության վերքին՝ «Առավոտյան շեփոր», «Մանուկ մը տարեցներուն մէջ», «Ավագ ուրբաթ», «Հարալեզներուն դավաճանութիւնը», «Պճեղ մը անուշ սիրտ» եւ ուրիշ պատմվածքներում, որոնք «վավերագրական կնիք ունեն» եւ «ինքնաճանաչման են մղում ընթերցողին», Շահնուրը մեկ երգիծող, մեկ ողբերգական ձայնով հաստատում է շրջապատի խեղդիչ մթնոլորտը, անորոշությունը, լույսի ու հույսի բացակայությունը: «Շահնուրը գտնում էր, որ համատարած այդ փլուզումից զերծ չի մնացել ոչ ոք, ոչ մի ազգային ու կրոնական բարձր խորհուրդ չի սավառնում բազմությունների վրա, ու ոչ մի Ավագ ուրբաթ (Քրիստոսի մահվան օրն է) տոն չի դառնում,- գրում է գրականագետը:- Գաղթահայ կյանքի այս գահավեժ ընթացքը գրողին ստիպում էր նորից խորհել անցնելիք ճանապարհի շուրջ, փորձել վեր հանել անկման պատճառները, որոնք շարունակվում էին նաեւ նոր օրերում»: Արծրուն Ավագյանի դիտարկումները բացահայտում են Շահնուր երեւույթի խորքերը, նրա աշխարհայացքն ու գեղագիտությունը, գրականության դերի ու նշանակության նրա ըմբռնումները, որոնք մշտապես եղել են հաճախ թշնամական բանավեճի առարկա, որը, հարկավ, լուրջ բանավեճ չէ, նույնիսկ Շուշանյանի պես նրբազգաց գրողը «Նահանջը» համարեց «Շահնուր կոչուած հայհոյագիր», ըստ էության հայհոյանք անելով իր տաղանդավոր ժամանակակցին: Նրանք ենթադրեցի՞ն, որ մի օր պիտի մեղմորեն ու լրջմիտ դատապարտվեն իսկական գրականությանը քարեր նետելու համար: Ավագյանի «Պատկերազարդ պատմությունն» այդ դատապարտիչ խոսքն է: Ավագյանն անդրադարձել է նաեւ Շահնուրի հրապարակախոսական եւ գրականագիտական-քննադատական հոդվածներին, որոնք նրա ժառանգության մեջ կարեւոր բովանդակություն ունեն: Այստեղ եւս վեպի ու պատմվածքների հեղինակ Շահան Շահնուրն է՝ սկզբունքային, հետեւողական, երբեմն՝ ծայրահեղ, աննահանջ իր տեսակետներում: Չնշեմ գրողի կարծիքները մեկ առ մեկ, այլ միայն մեկը, որին Ավագյանն արդարացիորեն ընդդիմախոսում է. Շահնուրի ժխտողական վերաբերմունքն արեւելահայ գրականության հանդեպ: Նման վերաբերմունք ուրիշներն էլ են արտահայտել, մասնավորաբար՝ Հ. Օշականը, որը մեզ համարեց «անբանաստեղծ արեւելահայեր»: Արծրուն Ավագյանը արեւելահայ է, այս գրականության նվիրյալը, սակայն նրա այս ընդդիմախոսությունը եսակենտրոն չէ, այլ ճշմարիտ ընդհանուր հիմունքներով: Իսկ ես, մազաչափ անգամ չիջեցնելով սփյուռքյան, մանավանդ արեւմտահայ գրականության մեծ նշանակությունը մեր ժողովրդի հոգեւոր լինելության մեջ, կասեմ. արեւելահայ գրականությունը մայր գրականություն է, ինչպես որ Հայաստանն է մայր հայրենիք: Իր եզրահանգումներում Արծրուն Ավագյանը վերջնականապես պատկերպազարդում է Շահնուրին: Նա «եկավ հաստատելու հավերժական մի ճշմարտություն՝ գոյատեւելու եւ հաղթելու համար նախ եւ առաջ պետք է «մեր մէջը իջնել», ինքնամաքրման ու ինքնասթափման ճանապարհով ժողովրդին դարձնել ավելի անարատ, դիմադրական ճակատի ստեղծմամբ՝ ավելի բարձր ու ավելի ազատ»: Շահնուրն իր ստեղծագործական օրինակով ցույց տվեց «մեր մէջը իջնելու» մեխանիկան՝ չերկյուղելով ո՛չ մի թշնամանքից: «Գրողին ոչ հոռետես պիտի համարել եւ ո՛չ էլ լավատես,- գրում է Ավագյանը:- Նա պարզապես իրատես է»: Ժենյա Քալանթարյանի խմբագրությամբ 2004-ին լույս ընծայված Արծրուն Ավագյանի գիրքը համարձակ աշխատանք է: Շահնուրը բարդ գրող է, որին անհրաժեշտ է ոչ միայն մոտենալ, այլեւ սիրել, համարձակորեն կանգնել նրա թիկունքում, կիսել նրա՝ շատերի կողմից «սխալ ու ծայրահեղ» համարված կարծիքները, դատապաշտպանություն անել նրան նույնիսկ այսօր, որովհետեւ ներկայումս էլ, ավանդույթներից ինչ-որ չափով շեղված, պարականոն գրական երկերը (ինչո՞ւ միայն գրական), գրկաբաց ընդունելության չեն արժանանում, հակառակը՝ թշնամական, թունավորելով գրողի կյանքը: Այդպես եղավ եւ «Այրվող այգեստանների» ու նրա մեծանուն հեղինակի հետ: Ես էլ գնահատական տամ. Արծրուն Ավագյանի գիրքը երեւացող եւ երեւելի մի աշխատանք է վերջին տարիների բավականին հարուստ ու բազմանկյուն հայ գրականագիտության մարզում: Իբրեւ վերջաբան Եղիշե Չարենցը կարդաց «Նահանջը առանց երգի» վեպը եւ փոխանցեց Գուրգեն Մահարուն, ասել է՝ հավանել էր, այլապես նրան չէր հորդորի ընթերցել (տես՝ Գ. Մահարի «Չարենց Նամե»): Այս վեպը հետագայում եղավ երկու գրողների հոգեւոր բարեկամության հիմքը, որն, ավաղ, կարճ տեւեց՝ 1962-ից մինչեւ Մահարու վախճանը 1969-ին: Այդ ընթացքում յուրաքանչյուրը մյուսին գրեց՝ Գ. Աճեմյանի հավաստմամբ, 85 նամակ: Կարելի է միայն պատկերացնել, թե ինչ իմաստալից երկխոսություն է եղել: Մահարին «Այրվող այգեստանները» մտահղացավ ու սկսեց գրել այն ժամանակ, երբ ծանոթ էր «Նահանջին» եւ նրա շուրջը ծավալված հայհոյախոսական քննադատությանը: Արդյո՞ք նա ենթադրում էր, որ իր վեպն էլ նույն կամ նման ճակատագիր է ունենալու: Կարծում եմ՝ այո: 1966-ին «Այգեստանները» լույս տեսավ շատերի, բայց ոչ հեղինակի համար անսպասելի «Մեծ սիրով Շահան Շահնուրին» ընծայագրով: Հաջորդ իսկ օրերին մեր անձնական զրույցներում նա արդեն անհանգիստ էր. «Հը, ի՞նչ են խոսում»: «Դեռ կարգին չեն կարդացել, Գուրգեն խան, կարդում են»: «Քանի՞ շաբաթ է պետք մի վեպ կարդալու համար»: «Քոնը՝ մի քանի տարի»-ասացի ես: «Ինձ մի՛ խնայիր, ասա... Ես քննադատվելու իմունիտետ ունեմ»: Նա չէր էլ պատկերացնում, որ իր իմունիտետն այս անգամ խեղճ ու անզոր է լինելու վայ-քննադատության հեղեղի առջեւ, եւ նա քշվելու է այդ պղտոր, քարուքռա, աղբակիր հեղեղով դեպի իր մահը: Ընծայագիրը խորհրդանշեց նրանց հոգեւոր ու մարդկային համախոհությունը 20-րդ դարի հայոց գրականության մեջ: Շահնուրն ամրացնում էր աքսորներում հալածված Մահարու մարմինն ու հոգին, գրական անարգ բարքերի պատճառով իր վեպի մեծարժեքության նկատմամբ գուցե սասանված հավատը, Մահարին էլ Շահնուրին էր պետք, որ նա այս դժվար ու անհասկացող աշխարհում մենակ չլինի, գոնե մեկն իր կողքին լինի: Այսօր էլ, Շահան Շահնուրը Պեր լա Շեզի գերեզմանատնից, Գուրգեն մահարին Թոխմախ գյոլից շարունակում են զրուցել միմյանց հետ: Սա մեր գրականության մեծ հաղթանակներից մեկն է:
|