[ՑԱՆԿ] [ՏՊԵԼ] Բաղդատութիւններ ԵՐՈՒԱՆԴ ՕՏԵԱՆ Թերթի մը մէջ մէկ քանի բաղդատութիւններու հանդիպեցայ զորս իբրեւ հետաքրքրական կուզեմ ընթերցողներուն ներկայացնել: Չինացի մը գէր մարդ մըն է: Երկու չինացի նիհար մարդիկ են: Երեք չինացի սովահարներ են: Ճապոնցի մը մարդ մըն է, որ կը տեղեկանայ: Երկու ճապոնցի մարդիկ են, որ կը գործեն: Երեք ճապոնցի մարդիկ են, որ կը շահին: Հնդիկ մը նստած մարդ մըն է: Երկու հնդիկ պառկած մարդիկ են: Երեք հնդիկ քնացող մարդիկ են: Պելճիքացի մը մարդ մըն է, որ կը խմէ: Երկու պելճիքացի մարդիկ են, որ կը միզեն: Երեք պելճիքացի մարդիկ են, որ կրկին կը խմեն: Թուրք մը մեծ գործ մը չտեսնար: Երկու թուրք նուազ գործ կը տեսնան: Երեք թուրք բնաւ բան մը չեն ըներ: Հոս կը դադրի ֆրանսական թերթին բաղդատութիւնները: Չեմ գիտեր, թե որքան ճշմարիտ են անոնք, բայց ապահովաբար շատ ալ հեռու ըլլալու չեն ճշմարտութենէ, քանի որ խմբագիրը զանոնք հիւրընկալած է թերթին մէջ: Մասնաւորաբար թուրքերուն մասին ըսուածը կրնանք աւելի լաւ գնահատել, քանի որ խնդիրը մեզի մօտէն ծանօթ տարրի մը մասին է: Արդ, ինչ որ կըսուի մէկ, երկու եւ երեք թուրքերուն համար, կարծեմ բացարձակ ճշմարտութիւն մըն է: Ասկէ կրնանք հետեւցնել, որ ճշմարիտ են նաեւ միւս ազգերու համար ըսուածները: Որչափ լաւ պիտի ըլլլար, եթէ այդ երեքի դրութեամբ բաղդատութիւնը շարունակէր հեղինակը եւ մեզի ճանչցնէր նաեւ ուրիշ ազգերու յատկանշական կողմերը: Բայց չեմ գիտեր ինչո՞ւ շատ կարճ կապած է իր բաղդատականը: Արդեօք չափազանց յանդգնութիւ՞ն մը կ,ըլլայ, եթէ ես փորձեմ պզտիկ յաւելում մը ընել անոր վրայ: Օրինակի համար. Մէկ հայը վաճառականութիւն կընէ: Երկու հայեր իրարու հետ մրցում կընեն: Երեք հայեր իրարու հետ կը կռուին: Մէկ դաշնակցական անվնաս մարդ մըն է: Երկու դաշնակցական՝ քիչ վնասակար: Երեք դաշնակցական՝ մեծ փորձանք: Մէկ հնչակեան միացեալ կուսակցութիւն մըն է: Երկու հնչակեան՝ երկուքի բաժնուած կուսակցութիւն: Երեք հնչակեան՝ երեքի բաժնուած կուսակցութիւն: Բայց կարգը ռամկավարներուն եկաւ, ուստի վերջացնենք*: «Արեւ» օրաթերթ, Ուրբաթ, 5 մարտ, 1926 * Հիշեցնենք, որ Կահիրեում մինչեւ օրս լույս տեսնող «Արեւ» օրաթերթը, որտեղ մեծ երգիծաբանը ստորագրում էր իր հոդվածները, Ռամկավար ազատական կուսակցության պաշտոնաթերթն է: ԿՅԱՆՔՆ ԱՆՑՈՂԻԿ Է, ԻՍԿ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՎԵՐԺԱԿԱՆ Վերջին տարիներին «Ազգում» պարբերաբար տպագրվում էին խորհրդային մի շարք պաշտոնյաներին ուղղված Լեռ Կամսարի դիմումները եւ նամակները: Բայց թող ընթերցողների մոտ տպավորություն չստեղծվի, որ երգիծաբանի նամականին միայն իշխանաքննադատական միտում ունի: Ոչ էլ թող թյուր կարծիք ստեղծվի, որ այլեւս սպառվել են Կոմկուսի փառապանծ առաջնորդներին հասցեագրված ասելիքները: Առջեւում դեռ կծանոթանաք Լուկաշինին, Միկոյանին, Բուլգանինին ուղարկված գեղարվեստական դիմումները: Երգիծաբանը նամակներ է հղել նաեւ իր ժամանակի մտավորականներին: Ասեմ ավելին, նույնիսկ ժամանակակիցներն են նամակ գրել նրան, քանի դեռ բռնադատված եւ օրենքից դուրս հայտարարված չէր: Ուղղակի տատամսում եմ արժե՞, թե չարժե դրանք տպագրել: Գիտեք, այսօր պաշտոնյային քննադատելը սուրբ գործ է, այս օրերին նույնիսկ ամոթ է դա չանելը: Այսօր պետք է հերոս լինես, որ հանկարծ կարծիք հայտնես, թե հավանում ես նրանցից որեւէ մեկին: Հպատա՞կն էլ կսիրի իր իշխանավորին, բա պատկառանքն ո՞ւր է: Ժողովուրդը, եթե չի զազրախոսում կամ «ձանձրախոսում» իր կառավարությանը, ուրեմն, ձեռք քաշիր նրանից ՝ անհույս մեռած է: Եթե մինչեւ յոթը պորտը չհայհոյես եւ չանարգես քեզ իշխողին՝ էլ ի՞նչ ժողովուրդ: Իսկ երբ հարցն առնչվում է մտավորականներին, այստեղ արդեն պետք է գլուխդ քորես եւ մի լավ մտածես, արժե՞ արդյոք մեղադրականը կարդաս: Մտավորականը իշխանավորի պես դաբախանի կաշի չունի՝ ազդվել գիտի, վիրավորվել գիտի: Առանց այն էլ Աստված պատժել է նրան մտավորական ստեղծելով՝ եկ դրա վրա էլ երգիծաբանի որակումներ հագցրու: Մինչեւ 50-ականների սկիզբը Լեռ Կամսարը ստեղծում էր իր գրական դիմանկարներն անվանական, բայց հետո որոշեց այլեւս անուններ չտալ, որ «չընկնեն իր գրվածքների մեջ եւ չանմահանան»: Հիմնականում չի խնայել եւ գրչի տակ է առել նրանց, ովքեր գովերգում եւ դիֆերամբներ էին նվիրում Լենինին, Ստալինին եւ «Պարտիային»: Իսկ ով դա չի արել՝ առաջինը կարող է նա «քար նետել» եւ հանգիստ լինել, որ հետագայում ինչ-որ պամֆլետ կսպրդի իր հասցեին: Իմ կարծիքով, Լեռ Կամսարն այդ իրավունքը չուներ: Ինքը, որ Արամ Մանուկյան էր սիրում, ո՞վ բան ասաց: Ճաշակի հարց է՝ մարդ կա Լենին, Ստալին է պաշտում, մարդ էլ կա նզովում է՝ ի՞նչ կա որ, ում ի՞նչ գործ: Արժե՞ր, որ իր ժամանակակիցներից շատերին թշնամացրեց իր դեմ, որոնք 1931 թվին հենա-հենա գլուխն ուտում էին եւ ջուրն էլ վրայից կխմեին, եթե, ո՜վ քեզ զարմանք, վրա չհասներ բարեխնամ բոլշեւիկյան իշխանությունը Լուկաշինի ու Խանջյանի գլխավորությամբ: Վերը ասվածը, իհարկե ոչ մի կապ չունի ներկայացվող նամակի հետ: Ուղղակի ասվում է, որ գրականագետները հուշեն եւ խորհուրդ տան՝ արժե՞ սասանել կուռքերը, թե կոծկել եւ կեղծել պատմությունը: Բարդել ժամանակի ամբողջ կեղտը մի երկուսի վրա եւ «գործը անուշի կապել»: Ստեփան Զորյանն այն քչերից էր, որ կարողացավ անխարան անցնել անհատի պաշտամունքի տարիները: Դրա համար էլ նա միշտ Չեկայի կողմից կասկածվողների շարքերում էր: Հայրենական պատերազմի սկզբներին աքսորական Լեռ Կամսարին Չեկան հրամայում է. - Եթե ուզում ես ազատվել եւ անցնել նորմալ գրողների շարքը, պետք է պարբերաբար հանդիպես Իսահակյանին, Զորյանին եւ Լեւոնյանին եւ մեզ տեղեկագրեր ներկայացնես նրանց քաղաքական կողնորոշման մասին, եթե ոչ՝ աքսորը կփոխարինվի բանտարկությամբ: Երգիծաբանն ընտրում է բանտը, ասելով. - Այդ պաշտոնը ես չունեմ եւ չեմ անի, քանի որ այդ դեպքում ես դուրս կընկնեմ նորմալ մարդու շարքերից: - Ինչպե՞ս երեւում է, դեռ չես ուղղվել, պատժաժամանակը պետք է երկարացնել: Բայց մինչեւ աքսորատեղի վերադառնալը, դու պարտավոր ես հանդիպել նրանց եւ պարզել, թե պատերազմի մասին ի՞նչ են մտածում: Բացի դրանից կգրես մի նամակ դաշնակցական լիդերներին, որ իմանանք, թե ի՞նչ կլինի մեր վիճակը, եթե Գերմանիան հաղթի, եւ երբ նրանք նորից վերադառնան Հայաստան: Լեռ Կամսարը նամակը գրում եւ հանձնում է չեկիստներին, իսկ ինքն ուղեւորվում է գրչակից ընկերների մոտ եւ անկեղծորեն պատմում իր գլխին եկածը: Լավ է, որ Զորյանն իր օրագրում անդրադարձել է այդ փաստին: Իսկ Ավետիք Իսահակյանն այլեւս շատ զգուշավոր է դառնում, իմանալով, որ հսկման տակ է: Իսկ Լեռ Կամսարը զգուշավոր էր նույնսկ 1955 թ. համաներումից եւ աքսորից վերադառնալուց հետո: Ոչ մեկին չէր վստահում, առավել եւս գրչակից ընկերներին: Երջանիկ բացառիկների շարքում էր Ստեփան Զորյանը: ՎԱՆՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆ
Լեռ Կամսարի նամակը Ստեփան Զորյանին Սիրելի Ստեփան, ես մեծ հաճույքով կարդում եմ քո պատմվածքները: Նրանցում միտք կա եւ յուրաքանչյուրը նրանցից երկար խարհրդածելու նյութ է տալիս ինձ, հակառակ այն սովետական վեպերի, որոնք կարդալուց հետո ընկնում ես նրանց հեղինակների ետեւից, հարցնելու, թե դրանով ի՞նչ են կամեցել ասել: Իսկ եթե հեղինակները մեռած են լինում, այդպես էլ մնում ես անպատասխան: Դու զուսպ ես եւ չափավոր ոչ միայն քո գրվածքներում, այլեւ քո առօրյա կյանքում: Մինչ այն կողմ սովետական գրողները ամբողջ երեսուն տարի ոճրագործ Ստալինը երգեցին, դու հասցրիր լռել եւ չարատավորեցիր քո պատիվը: Մի լռություն, որ այն ժամանակները մեծագույն հանցագործություն էր համարվում: Դու որպես իսկական գրող, ճիշտ է որոշ տուրք տվիր սրանց արտառոց սոցիալիզմին, գրելով քո «Գրադարանի աղջիկը», «Սպիտակ քաղաքը» եւ «Վարդաձորի կոմունան», բայց ով քեզ անձամբ ճանաչում է՝ գիտի դրանք ոսկորներ էին, որոնք գցեցիր «շան» առաջ, որպեսզի թույլ տա քեզ զբաղվել իսկական արվեստով: Ստեփա՛ն, դու շատ լավ գրող ես, ապրե՛ս, ավելի Զորյան դառնաս: Բայց... Բայց դու մի մեծ մեղք ունես: Դու սքանչելի պատկերացնում ես անցյալը, զանց առնելով քո ապրած դարաշրջանը: Կարելի՞ է քառասունհինգ տարի ապրել սովետական կարգերում եւ չանմահացնել կոմունիզմի ոճրագործ բնույթը: Դու հասակով, փառք Աստծու, բավականին երկար ես: Բայց մարդս որքան էլ երկար լինի, որքան էլ քայլի քիթը բարձր պահած, ինչպե՞ս կարող է Ստալինի թափած անմեղ զոհերի լերդացած արյան հոտը չառնել ու գեթ մի անգամ չտեսնել երկրով մեկ հոսող արյան հեղեղը... Ինչպե՞ս կարելի է տեսնել, թե ինչպես չեկիստները մութն ընկնելուն պես մտնում են բոլորի տները, նրանց տան միակ ճրագը մարում, նրանց կերակրող ձեռքերը հավաքում տանում գնդակահարում եւ լռել, եւ չգրել այդ մասին, որ ապագա մարդկությունը կարդա այդ եւ հեռու մնա այդ արյունաթաթախ սոցիալիզմից: ... Մարել տան ճրագը, կանանց պատիվը վաճառքի հանել, երեխաներին որբացնել... «Հավասարությո՞ւն, եղբայրությո՞ւն, ազատությո՞ւն», թե անհավասարություն, թշնամություն եւ բռնակալություն: Ստեփա՛ն, ինչպես կարելի է քթի տակ կատարված այս բաների մասին չգրել եւ գնալ պատմության խորքը, գրել Պապ թագավորի ու Արշակ Երկրորդի մասին: Մի՞թե ճշմարտությունն ասելն այնքան սարսափելի է, որ դու այն թողած, փախչում, մտնում ես հայոց պատմության խորքը չերեւնալու համար: Ճիշտ է, ճշմարտությունը հոնորար չի բերում հեղինակին, բայց գրողը մի՞թե միայն հոնորարի պետք ունի: Իբրեւ հեղինակ, ինքնագովություն չլինի, ես քեզանից բարձր եմ: Հավատաքննության ատյանում երբ ինձ հարցրին՝ - Հավանո՞ւմ ես Սովետական կառավարությանը: Պատասխանեցի. -Ո՛չ, ինձ համար թուրք կառավարությունը գերադասելի է ձեր կառավարությունից: Որովհետեւ երբ բոլշեւիկները Հայաստան մտան, հայերը Տաճկաստան կամեցան փախչել՝ նրանց կացնահարությունից սարսափած: Ասացի ու քսան տարով բանտի ու աքսորի դատապարտվեցի: Եվ չեմ զղջում դրա համար, որովհետեւ ճշմարտությունը բարձր եմ գնահատում կյանքից: Որովհետեւ կյանքն անցողիկ է, իսկ ճշմարտությունը հավիտենական: Այն կոմունիզմը, որ մարդկության գլխին կատարյալ չարիք դարձած շատ շուտով ողջ աշխարհի կործանման պատճառռը պիտի դառնա՝ կարելի՞ է անտեսել: Հարգանքներով՝ քո Լեռ Կամսար, 1965թ. Հատված Ստեփան Զորյանի օրագրությունից Նոյեմբեր 30. Մեռավ* դժբախտ Լեռ Կամսարը: Ծանոթ էի 20 թվից: Ես նրան համարում էի ազնիվ, լոյալ մարդ. բայց 30-ական թվերին հանկարծ, չգիտես ինչու, բանտեցին նրան: Խոսում էին, թե Չարենցն ու Բակունցն են եղել պատճառ: Նա իբրեւ թե ծաղրել է սրանց, աննպաստ բաներ ասել, եւ ահա... վրեժխնդիր են եղել: Թե որքա՞ն ճշմարիտ էր դա՝ չպարզվեց մինչեւ այժմ: Բայց մի քանի տարի հետո ազատեցին, եւ մի օր էլ նրան տեսա իմ բնակարանում: Պատերազմի առաջին ամիսն էր, կարծեմ: Ընդունեցի սիրով եւ, բազմոցին նստեցնելով, հետաքրքրվեցի նրա վիճակով, մտածելով, որ անշուշտ, կարիքի մեջ է, պետք է օգնել: Նա, սակայն, հարցերիս կցկտուր պատասխանելով, նայում էր սենյակիս պատերին, նրա անկյուններին, նայում էր լուրջ, զննաբար: Եվ երբ բավական նայեց-վերջացրեց, դարձավ ինձ. - Էս ինչո՞ւ քո սենյակում Ստալին չկա: - Այդ ինչո՞ւ համար եք հարցնում: - Չգիտե՞ս միթե, որ սովետական յուրաքանչյուր քաղաքացի նրա պատկերը պետք է ունենա իր տանը: - Այդ ես առաջին անգամ եմ լսում: - Քո բացատրությունը արդարացում չէ: Ամեն քաղաքացի այդ պետք է հասկանա, եւ պատկերի բացակայությունից կարելի է լուրջ եզրակացություն անել, կապելով դա այն փաստի հետ, որ հայ գրականության տասնօրյակի վերջում «Правда»-ում տպված քո շնորհակալության մեջ Ստալինի անունը չէիր տվել: Ավ. Իսահակյանը տվել էր, իսկ դու՝ ոչ: Ես ժպտացի, մտածելով, որ նա կատակ է անում: - Մի ծիծաղիր, սիրելիս: Քո ապահովությունը պահանջում է, որ պատիդ լինի նրա նկարը: - Ես այդ ամենը համարեցի փորձված մարդու դիտողություն եւ կամեցա հասկանալ նրա այցելության բուն նպատակը: Եվ նա չթաքցրեց. պարզ ասաց, որ կարեւոր հիմնարկը իրեն հանձնարարել է պարզել, թե ի՞նչ են մտածում պատերազմի մասին Ավ. Իսահակյանը, Գ. Լեւոնյանը եւ Զորյանը: - Ու ահա եկել եմ պարզելու... Քանի որ նա իր կատակները եւ սրախոսությունները միշտ անում էր լուրջ դեմքով, ես դարձյալ չէի հավատում, թե այդ ամենն ասում է լուրջ: Թվում էր՝ մի այդպիսի հանձնարարություն անկարելի էր ասել այդքան պարզ: Բայց նա ասաց: Եվ ես, մտնելով նրա դրության մեջ, հասկացա նրան. բանտից նոր դուրս եկած մարդ՝ նա չէր կարող մերժել այդ հանձնարարությունը եւ, եւ մյուս կողմից, չէր կարող կատարել այդպիսի մի դեր... Ու ամենը ասաց բացահայտ, որ ես իմանամ եւ զգույշ լինեմ... Ես նրան ասացի, որ զգուշանալու կարիք չկա: Եթե խնդիրը վերաբերում է պատերազմին, ես սրտանց ցանկանում եմ, որ հաղթի Սովետ Միությունը, այլապես հայ ժողովուրդը նորից կենթարկվի ծանր աղետի... Թուրքիան ատամները սրած այդպիսի բանի է սպասում... Լեռ Կամսարն իրեն թեթեւացած զգաց. - Ես շատ ուրախ եմ, որ դու այդ կարծիքի ես... Հետո իմացա, որ նա եղել է Իսահակյանի եւ Լեւոնյանի մոտ՝ նույն նպատակով: 1965թ. * Լեռ Կամսարը վախճանվել է 1965թ. նոյեմբերի 22-ին: Անճշտությունը Զորյանինն է:
|